Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Գրականությունը վազքուղի չէ, այլ աններփակելի տարածք, ուր նաև ընթերցող պիտի լինի»

«Գրականությունը վազքուղի չէ, այլ աններփակելի տարածք, ուր նաև ընթերցող պիտի լինի»
05.03.2013 | 15:59

Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը Հայաստանում առաջին անգամ անցկացվող հայ-ռուսական գրական փառատոնին մասնակցել են տասնհինգ արձակագիր և տասնհինգ բանաստեղծ, որոնցից մրցութային կարգով ընտրված վեց հեղինակ տպագրվել է առանձին գրքով: Վերջիններիս թվում էր նաև ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆԸ: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Մասնակցել է «Գրական տապան» փառատոնին: Նրա ռուսերեն թարգմանությունները տպագրվել են ռուսական գրական ամսագրերում և երիտասարդ բանաստեղծների ալմանախում: Հեղինակ է «Երազիս թևերով», «Մտապնակ» բանաստեղծական ժողովածուների:

-«Միևնույն է` մենակ ես մնալու»… Միայնությունից փրկվելո՞ւ, թե՞ մենանալու, սեփական աշխարհում առանձնանալու, փակվելու ձգտումից է ծնվում տողը:
-Մարդ- մենությունն եմ,
Մենություն տունը...
Տողը ծնվում է , երբ փորձում ես իսկապե՛ս փրկվել մենությունից կամ սկսում ես տիրապետել մենակ մնալու արվեստին և հասկանում, որ այս երկուսը նույնանում են մի կետում, ու մենությունը դառնում է երանելի հոգեվիճակ, ապրելու ձև, որքան էլ որ տարիների ընթացքում ես հանգում` հասունությամբ, կենսափորձով:
-Նաև նկարում եք: Ի՞նչ կա ձեր աշխարհում` բացի նկարներից, պոեզիայից:
-Սեր, անսահման սեր ու ապրելու վարակ, սեր մարդու հանդեպ, ծանոթի ու անծանոթի ցավն իմ չափով փարատելու ձգտում ու աղոթք նրանց համար` առ Երկինք, նաև նախակրթական հաստատությունում իմ աշխատանքը, երբ ամեն օր մանուկների աչքերում տեսնում եմ մեր պատասխանատվության ավելացող չափը` նրանց վաղվա օրվա համար, բարեկեցիկ երկիր կառուցելու հոգսին լծվելը:
-Ասում են, բանաստեղծների մահը տարբեր է, իսկ նկատո՞ւմ ենք մեր կողքին ապրո՛ղ բանաստեղծին:
-«Որքան Երկինք, այնքան Հող...»,- կասեր Վահան Վարդանյանը:
Բանաստեղծը չի մահանում ու իր հոգևոր ներկայությամբ ավելի է մնում մեզ հետ, մեր կողքին` վերաձևելով, ընդլայնելով մեր պատկերացումները հավերժության մասին: Պատահական չեմ մեջբերում Վահանի տողերը ու ցավում եմ, որ այլևս մեր կողքին չէ ֆիզիկապես: Նրա կորուստը բաց ու չապաքինվող վերք է մնալու մեր սրտերում:
-Որպես գրական միջոցառումների ակտիվ մասնակից` ինչ կասեք` ունե՞նք այսօր գրականություն, գրական աշխույժ կյանք, առողջ մրցակցություն:
-Անշուշտ, ունենք գրականություն, բայց նոր բացահայտում արած չեմ լինի, եթե խոսեմ առկա գրաշատության մասին: Ցավով եմ նշում, բառին անխնամ վերաբերվելու միտում կա ու կարծես գրելը նորաձև է դարձել, որն էլ թույլ չի տալիս ավելի շուտ պեղել, բացահայտել գրական գոհարները, զատել մարգարիտը մոխրից, թեև դա նաև ժամանակի խնդիրն է: Մերօրյա ստեղծագործողը տեղեկատվական հորձանուտում ունի բոլոր նախադրյալները թե՛ ճանաչվելու, թե՛ գրականության մեջ իր տեղը չհստակեցնելու համար: Վերջինը և՛ս պակաս կարևոր չէ:
Նար-Դոսը գրականության մասին ասել է. «Իրավ է, որ գրականությունը կյանքի հայելին է, բայց միայն դրանով չի սահմանափակվում նրա դերը. նա կյանքի դպրոցն է: Հայելու մեջ ցույց ես տալիս ինձ, որ ճակատիս մուր է քսված, բայց միջոց էլ սովորեցրու այդ մրուրը սրբելու: Բավական չէ, որ գրականությունը ցույց տա միայն այն, ինչ կա կյանքի մեջ, պետք է նա ցույց տա նաև այն, ինչ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի»:
-Գրքի մայրաքաղաք Երևանում 2012-ին մեծ թվով միջոցառումներ իրականացվեցին: Բացթողումը որն էր, ի՞նչն էր, որ կարևոր էր, պետք էր, բայց չարվեց:
-Չեմ ուզում հարցին անդրադառնալ միակողմանիորեն, որքան էլ, որպես ստեղծագործող, տարին ինձ համար արդյունավետ էր և իր ուրույն հետքը թողեց գրական իմ կենսագրության մեջ:
Կուզենայի նշել հեղինակի ու ընթերցողի միջև թույլ կապի մասին, նկատելով, որ գործող չէր այդ մեխանիզմը: Գրական տարբեր միջոցառումների մասնակցելով` հասկացա, որ ինչ-որ տեղ գրողը գրողի համար է գրում, ու չենք կարողանում ընթերցողին ուղղորդել դեպի մեր «արտադրանքը». որքան էլ մրցակցությունը կարևոր է, բայց գրականությունը վազքուղի չէ, այլ աններփակելի տարածք, ուր նաև ընթերցողը պիտի լինի: Գրական փառատոների, միջոցառումների միջոցով կուզենայի նաև այս խնդիրը լուծված տեսնել` նրանց ընթացքն առավել հանրային դարձնելով:
-Գրողների տան մասին քիչ է խոսվում, գրականությունը տարիների պատմություն ունեցող այդ շենքի պատերից մի տեսակ դուրս է ապրում: Համամի՞տ եք:
-Գրողների տունը եղել և մնում է գրական դպրոց: Ինչ-որ չափով համաձայն եմ ձեզ հետ, բայց եթե ներսում նկատելի է հոգածություն երիտասարդ բանաստեղծների հանդեպ, արդե՛ն փաստում է, որ գրողների միության զարկերակն արթուն է, այլ հարց է, որ գրողների ավագ սերունդն ինչ-որ չափով անտեղյակ է երիտասարդ ստեղծագործողներին հուզող թեմաներից, ցավից և նրանց գրից, առհասարակ:
-Մերօրյա բանաստեղծներից ո՞ւմ կառանձնացնեիք:
-Ավագ սերնդի փաղանգից Հրաչյա Թամրազյան, Հենրիկ Էդոյան, Հակոբ Մովսես, Հրաչյա Սարուխան, Շանթ Մկրտչյան և այլն: Իսկ երիտասարդ բանաստեղծներից Գոհար Գալստյան, Էդուարդ Հարենց, Նշան Աբասյան, Հասմիկ Սիմոնյան… էլի կարող եմ անուններ թվել:
-Համացանցը ինչ-որ առումով ապահովում է գրողի, գրականության գովազդը: Դուք նո՞ւյնպես ունեք ընթերցողների Ձեր բանակն այս տարածքում:
-Մեր օրերում` այո՛, համացանցն ընձեռում է լայն հնարավորություն, և հիմնականում իմ ստեղծագործությունները հե՛նց համացանցի միջոցով են ընթերցվում, տարածվում: Իհարկե՛, ունեմ ու շնորհակալ եմ իմ ընթերցողներին, բայց ամենից կարևորը մարդը մարդուն ագուցող հոգու ճանապարհն է ինձ համար, որն էլ հենց դառնում է գիր, մտահոգություն, ցավ:
-Ի՞նչ տեղ ունի նոր սերնդի կյանքում դասական գրականությունը: Դրանք չե՞ն համարվում հնացած` մերօրյա գրքերի առատության, հազվադեպ վերահրատարակվելու արդյունքում:
-ՈՒրախացնում է այն փաստը, որ դասական գրականությունն այժմ վերահրատարակվում է և երիտասարդները սկսում են «կարդալ սովորել», բայց նաև ցավեցնում է այն, որ գրքերը, քաղաքակրթությունն ապրում են նաև գետնանցումներում: Ամեն անգամ նրանց կողքով անցնելիս կենդանի թաղվածների հառաչ եմ լսում: Մենք պիտի՛ շարունակենք կրթվել դասական գրականությամբ, ու Չարենցը մերն է, իսկ դասական գրականություն փնտրողի համար, կարծում եմ, գրքի թարմությունն ու կազմի գունավառությունը չպիտի խթանեն ընթերցանության` համաշխարհայինից մինչև հայ դասականներ:
-Ձեր գրքերը հասնո՞ւմ են ընթերցողին: Որովհետև այս դեպքում նույնպես գովազդ է պետք, միայն լավ գրականությունը բավական չէ, համենայն դեպս, մեր օրերում:
-Գրքերի վաճառքը (հատկապես բանաստեղծական) մեր օրերում իրոք դժվար է: Երբ սկսում ես ինքդ զբաղվել սեփական գրքի իրացման խնդրով , հեռանում ես քո առաքելությունից` ստեղծագործելուց: Երկրորդ ժողովածուս` «Մտապնակը», ներկայացված է մայրաքաղաքի խոշոր գրախանութներում: Հիմնականում համացանցում «գտնում են» ինձ, հետո արդեն փնտրում են գիրքս, որը վաճառվում է որոշակի քանակությամբ:
-Նվիրո՞ւմ եք Ձեր գրքերը, նկարները:
-Գրքերս հիմնականում նվիրում եմ: Վերջերս բանաստեղծությունների առաջին ժողովածուս հարկավոր էր ինձ, պարզվեց ինքս օրինակ չունեմ: Նկարները չեմ նվիրում, նրանք առանձնապես մեծ արժեք չեն ներկայացնում իրենցից` գոնե ինձ համար: Իսկ նկարում եմ, քանի որ այլևս չէի կարող չնկարել, նկարչությունն ինձ համար զրույց է` ինքս ինձ հետ, մենախոսություն, առանձնանալու ձև ու էլի մենություն:
-Ինչի՞ մասին են դրանք: Ամենաբարդ հարցն է, բոլոր դեպքերում, կուզեի ձեր բնորոշումը լսել:
-Նկարում եմ այն, ինչ գրում եմ ու գրում այն, ինչ նկարում եմ, ինչը կիսատ ու անավարտ եմ տեսնում իրականության մեջ, ինչը կուզենայի փոխված տեսնել:
-Ծրագրերի մասին։
-Հրատարակության եմ պատրաստում բանաստեղծությունների երրորդ ժողովածուն:
-Քաղաքականությունից հարց չտվեցի, գուցե կուզեի՞ք ինչ-որ բան ասել:
-Կարծում եմ` արվեստագետը չպիտի լինի քաղաքականության մեջ, իսկ եթե լինի, ուրեմն` անշահախնդրորեն, ինքնանվիրումով, որքան էլ, որ իր գործունեությամբ անխուսափելիորեն ժողովրդի հետ է ու ժողովրդի մեջ, նա ամբոխից դուրս պիտի գործի ու հոգա երկրի, ժողովրդի համար:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

low">Սոցիալական
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 11.11.2024